Մադուրոյի նախագահության օրոք 4 մլն մարդ լքել է Վենեսուելան
Վենեսուելայում 2013թ.-ի ապրիլին Նիկոլաս Մադուրոյի իշխանության գալուց ի վեր երկիրը լքածների թիվը գերազանցում է 4 մլն-ը, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով Consultores 21 հետազոտական ընկերության ներկայացրած զեկույցին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ամբողջ աշխարհում Վենեսուելայից ներգաղթյալների թիվը գնահատել էին 3 մլն, որից 2.4 մլն-ը բնակվում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծովի ավազանի երկրներում:
Ըստ Nacional հարթակի՝ ընթացիկ տարվա վերջին փախստականների թիվը կարող է գերազանցել 4.6 մլն-ը, մինչդեռ Վենեսուելայի բնակչությունը 31 մլն է:
Հատկանշանական է, որ Ուգո Չավեսի նախագահության տարիներին (1999-2013 թթ.) արտագաղթածների թիվը չէր գերազանցում 800 հազարը:
Հիշեցնենք որ արդեն երկար ժամանակ է, ինչ Վենեսուելայում տնտեսական լուրջ ճգնաժամ է: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն՝ 2018-ի վերջին երկրում գնաճի մակարդակը կարող է հասնել 1 մլն տոկոսի: Նմանատիպ իրավիճակը հիշեցնում է 1923թ.-ին Գերմանիայում և 2000-ականների վերջին Զիմբաբվեում տեղի ունեցածը:










