Պորտուգալիայում ճանապարհի փլուզման հետևանքով երկու ավտոմեքենա և մեկ հողափոր մեքենա փոսն են ընկել, կան զոհեր

13:09 • 20.11.18

Պորտուգալիայի կենտրոնական մասում ճանապարհի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 4-ը համարվում են անհետ կորած, գրում է Reuters գործակալությունը:


Էվորա շրջանում Բորբա և Վիլա Վիսոզա քաղաքների միջև ճանապարհի փլուզված մասի երկարությունը մոտ 100 մետր է: Փլուզման հետևանքով 80 մետր բարձրությունից քարհանքի փոսն են ընկել երկու ավտոմեքենա և մեկ հողափոր մեքենա:


Լիսաբոնից մոտ 200 կմ դեպի արևելք գտնվող տարածքը հայտնի է մարմարի և գրանիտի արտադրությամբ, ավտոճանապարհն անցնում է խոր հանքերի մոտով, որոնցից մի քանիսը լքված են:


Դեպքի վայրում հատուկ տեխնիկայով և ուղղաթիռներով փրկարարական աշխատանքներ են իրականացվում:


Հետագա հնարավոր սողանքների պատճառով փրկարարները որոնողական աշխատանքները «չափազանց բարդ» են անվանել: