Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ Խաշոգջիի սպանության սկանդալից հետո «երես են թեքել» թագաժառանգից. Reuters
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մի քանիսը սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության առաջացրած միջազգային սկանդալի ֆոնին մտադիր են խոչընդոտել թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի գահ բարձրանալուն: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թագավորական ընտանիքին մոտ երեք աղբյուրի:
Աղբյուրների համաձայն՝ «տասնյակ արքայազներ» ցանկանում են գահին տեսնել մեկ այլ իրավահաջորդի, սակայն գործողություններ չեն ձեռնարկի, քանի դեռ ողջ է ներկայիս 82-ամյա թագավորը՝ Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Վերջինիս մերձավորները կարծում են, որ թագավորը դժվար դեմ գնա իր «սիրելի որդուն»:
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ թագավորական ընտանիքի անդամները թագավորի մահից հետո ցանկանում են գահին տեսնել նրա կրտսեր եղբորը՝ 76-ամյա Ահմեդ իբն Աբդուլ Ազիզ իբն Սաուդին: Ըստ աղբյուրների՝ արքայազն Ահմեդին կաջակցեն նաև արևմտյան երկրները:
Համաձայն Washington Post-ի ավելի վաղ հաղորդման՝ հատուկ ծառայությունները եզրահանգման են եկել, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը կարող է արձակած լինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը:
Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում: Ավելի ուշ թուրք քննիչները քիմիական նյութերի հետքեր էին հայտնաբերել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության այգու ջրհորում: Ենթադրվում է, որ Խաշոգջիի մարմինը ոչնչացվել է քիմիական նյութերի միջոցով:










