Դանիան Խաշոգջիի գործի պատճառով կասեցրել է Սաուդյան Արաբիա զենքի արտահանման թույլտվության տրամադրումը

14:40 • 22.11.18

Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել Սաուդյան Արաբիա զենքի և ռազմատեխնիկայի արտահանման թույլտվության տրամադրումը, գրում է Reuters-ը: Այս մասին այսօր հայտարարել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը:


Նախարարի խոսքով՝ որոշումը կապված է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության, ինչպես նաև Եմենում տիրող քաղաքական ծանր իրավիճակի հետ: Սամուելսենը նշել է, որ որոշումն ընդունվել է Եվրամիության մյուս անդամ երկրների արտգործնախարարների հետ վերջերս անցկացված խորհրդակցությունից հետո: Արտահանման կասեցումը կտարածվի նաև մի շարք երկակի նշանակության տեխնոլոգիաների վրա:


Ավելի վաղ եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում Գերմանիան և Նորվեգիան, հայտնել էին Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցման մասին:


Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

Սաուդյան Արաբիան նախ հայտարարել էր, թե լրագրողն անհետացել է դեսպանատան տարածքից դուրս գալուց հետո, ավելի ուշ հայտնել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում ծագած կռվի ժամանակ: Սաուդյան կողմը, այնուամենայնիվ, հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին:

Լրագրողի մարմինը գտնված չէ մինչ օրս: