Հունաստանում հավաքարարը դատապարտվել է ազատազրկման՝ դպրոցական վկայականը կեղծելու համար

15:45 • 22.11.18

Հունական Լարիսա քաղաքում դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել տեղի դպրոցներից մեկում աշխատող հավաքարարին՝ իր կրթության մասին վկայականում գաղտնի ուղղում կատարելու համար, գրում է newgreektv.com-ը:

Բանն այն է, որ աշխատանքի ընդունվելիս կինը 5-րդ դասարանն ավարտած լինելու մասին իր վկայականում ինքնուրույն ուղղում է կատարել ու նշել, որ ավարտել է 6-րդ դասարանը:

Դա տեղի է ունեցել 1996 թվականին, երբ կինը մասնակցել է դպրոցի հավաքարարի տեղի համար անցկացվող մրցույթին:

Խաբեության համար դատարանի կայացրած որոշումը, սակայն, լուրջ դժգոհություն է առաջացրել հունական հասարակությունում: Ի պաշտպանություն 53-ամյա կնոջ հանդես են եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք նախաձեռնություններ ու տեղական արհմիությունները: Նրանք հիշեցրել են, որ կինը ստիպված է եղել նման քայլի գնալ երեխաներին ու հաշմանդամություն ունեցող ամուսնուն պահելու համար: