«Թագավորական ընտանիքը մեր «կարմիր գիծն» է». Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն՝ ընդդիմադիր լրագրողի սպանությանը թագավորական ընտանիքի ներգրավվածության մասին

13:56 • 22.11.18

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը թագավորական ընտանիքի ներգրավվածության մասին պնդումներն իրենց «կարմիր գիծն են»:

Նախարարը նշել է, որ իրենք թույլ չեն տա թագավորի կամ գահաժառանգ արքայազնի անունն արատավորող որևէ քննարկում, և ընդգծել, որ սպանության հարցում Սաուդյան Արաբիան հստակ հայտնել է իր դիրքորոշումը:

Ջուբեյրը պնդել է, որ սպանությունը որոշ անձանց «պաշտոնական լիազորությունների չարաշահման հետևանք է, և դրա համար մեղավոր անձինք անպայման կպատժվեն»:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ լրագրողի սպանության վերաբերյալ արքայազնին ուղղված մեղադրանքներն անհիմն են:

Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

Սաուդյան Արաբիան նախ հայտարարել էր, թե լրագրողն անհետացել է դեսպանատան տարածքից դուրս գալուց հետո, ավելի ուշ հայտնել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում ծագած կռվի ժամանակ: Սաուդյան կողմը, այնուամենայնիվ, հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին:

Լրագրողի մարմինը գտնված չէ մինչ օրս: