ԱՄՆ-ը հույս ունի սեպ խրել ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների միջև՝ օգտվելով եղած լարվածությունից. Stratfor

20:19 • 22.11.18

Կովկասում Վաշինգտոնն ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերն ամրապնդելու վրա: Նման կարծիք են հայտնել Stratfor առաջատար աշխարհաքաղաքական վերլուծական հարթակի փորձագետները:

«Հայաստանն ավանդաբար եղել է Ռուսաստանի ամենամտերիմ և հավատարիմ դաշնակիցներից մեկը, սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է ի հայտ եկել վերջին ամիսներին՝ պայմանավորված ապրիլյան թավշյա հեղափոխության արդյունքում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով: Միացյալ Նահանգները հույս ունի, օգտվելով այդ լարվածությունից, սեպ խրել երկու երկրի միջև, մի բան, որ միշտ փորձել է անել»,-  նշում են վերլուծաբանները:

Նրանց կարծիքով՝ դրա ապացույցն է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, որի ժամանակ նա արտահայտել է ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը Հայաստանին զենք վաճառելու հարցում:

Ինչպես նկատում են Stratfor-ի մասնագետները, Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկել է որպես անմիջական մարտահրավեր: Վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի հիմնական հակառակորդ Ադրբեջանը նույնպես կգրավի ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում: Ադրբեջանն արդեն դադարեցրել էր Իրանից բնական գազ գնելու գործընթացը նախքան ամերիկյան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը:

Հավանական է, որ երկիրը կկրճատի տնտեսական կապերը Թեհրանի հետ այս տարի: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Միացյալ Նահանգները կընդլայնի անվտանգության ոլորտում աջակցությունն ու ավելի շատ զորավարժություններ կանցկացնի Վրաստանի հետ, որը միակ երկիրն է տարածաշրջանում, որն ակտիվորեն ձգտում է անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: