«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստվում է իր գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ բողոքարկելով ՏՄՊՊՀ–ի կողմից տուգանքի որոշումը

15:18 • 22.11.18

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հեռուստառեպորտաժների և ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով տեղեկացել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ «ԱՄ գրուպ» և «Արմսվիսբանկ» ընկերությունների դիմումների հիման վրա, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու որոշման մասին:

Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հանդեպ կիրառել է տուգանք 30 մլն դրամի չափով:

«Ընկերության ներկայացուցիչները չեն տեղեկացվել և չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, ուստի չեն տիրապետում պաշտոնական տեղեկատվությանը և չունեն համապատասխան պաշտոնական փաստաթղթեր:

Նշված տեղեկատվության պաշտոնական հաստատման դեպքում՝ Ընկերությունը պատրաստվում է իր տնտեսական շահերը և գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ հանձնաժողովի որոշումը բողոքարկելով լավագույն փաստաբանների աջակցությամբ:   

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով»,– ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։