«Մենք նպատակ չունենք փոխել Ասադի ռեժիմը, մենք նպատակ ունենք փոխել այդ ռեժիմի վարքագիծը». ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

17:05 • 23.11.18

Միացյալ Նահանգները երբեք լավ հարաբերություններ չի ունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, թեև Վաշինգտոնը նպատակ չունի տապալել այդ երկրի իշխանություններին: Այդ մասին ասել է Սիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ռուսական «Коммерсантъ» պարբերականին և «РИА Новости»-ին տված հարցազրույցում:

«Մենք նպատակ չունենք փոխել ռեժիմը, մենք նպատակ ունենք փոխել այդ ռեժիմի վարքագիծը»,- ասել է Ջեֆրին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ամերիկյան ուժերի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված են բացառապես ահաբեկչական խմբավորումների դեմ:

«ԱՄՆ-ն հանդես է եկել որպես Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակից սիրիական հակամարտության բոլոր փուլերում, և մենք շարունակելու ենք դա անել: Ամերիկյան ուժերի ներկայությունը, որոնք կատարում են հակաահաբեկչական գործողություններ, բոլորովին չի նշանակում, թե մենք ցանկություն ունենք տապալել երկիրը»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:

Նա նաև Բաշար ալ Ասադին ժամանակակից աշխարհի «ամենախոշոր և անխիղճ ռազմական հանցագործ» է անվանել՝ հավելելով, որ ամեն դեպքում սիրիացի ժողովուրդն ինքը պետք է ընտրի, թե ով կղեկավարի երկիրը: