Ֆրանսիայի հյուսիսում ցույցերի հետևանքով տուժել է 7 ոստիկան, բողոքի ակցիաների պատճառով Փարիզում այսօր չի գործի 7 մետրոկայարան (տեսանյութ)
Ֆրանսիայի հյուսիսում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները մարմնական վնասվածքներ են պատճառել 7 ոստիկանի, այս մասին տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Պա դը Կալե դեպարտամենտում: Ըստ աղբյուրի փոխանցած տվյալների՝ ակցիայի մասնակիցներն Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահների վրա, շուռ տվել և այրել ոստիկանական մեքենան, ինչի հետևանքով 7 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել:
Զանգվածային բողոքի ակցիաների պատճառով սահմանափակվել է մայրաքաղաք Փարիզում երթևեկությունը. փոխվել են վերգետնյա տրանսպորտի որոշ երթուղիներ, ինչպես նաև փակվել է քաղաքի մետրոյի կենտրոնական 7 կայարան:
Հայտնի է, որ այսօր ցուցարարները բողոքի ակցիաներ կիրականացնեն Փարիզի Մարսյան և Ելիսեյան դաշտերի, Ազգային ժողովի, Պորտ Մայոյի, Բաստիլիայի, Հանրապետության և Համաձայնության հրապարակների տարածքներում:
Սպասվում է, որ մայրաքաղաք կժամանի շուրջ 30 հազար ֆրանսիացի: Քաղաքի փողոցներում անվտանգությունը կապահովի մոտ երեք հազար ոստիկան ու ժանդարմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, ցույցերի պատճառով այսօր Էյֆելյան աշտարակը փակ կլինի այցելուների համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վառելիքի գնի աճի և հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 287.000 մարդ: Ֆրանսիացիները դեմ են իշխանությունների՝ 2019-ին դիզելային վառելիքի և բենզինի գները բարձրացնելու որոշմանը: Փարիզն այս քայլը մեկնաբանել է որպես պայքար օդի աղտոտվածության դեմ և հայտարարել է, որ մտադիր չէ փոխել որոշումը:










