Հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության՝ ստուգման նպատակով. Գ. Աբրահամյան

12:34 • 24.11.18

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի նախօրեի հրապարակմանը, ըստ որի՝ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետերին, որ  վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից: 

«ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում արձանագրված սույն հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,-գրել է Գոռ Աբրահամյանը: