Անթույլատրելի է վարկով փակել բյուջեի դեֆիցիտը, կարելի էր այն ֆինանսավորել խախտումների արդյունքում մուտքագրված գումարների և ավելի հավաքագրումների միջոցով. տնտեսագետ

11:01 • 25.11.18

Անթույլատրելի է վարկով փակել բյուջեի դեֆիցիտը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Արայիկ Այվազյանը:

«Մինչև այս պահը խոսում էին, որ վարկավորմամբ պետք է որոշակի ենթակառուցվածքներ զարգանային, այսինքն՝ ներդրումներ արվեին տնտեսության մեջ: Եթե դա իսկապես ներդրում լիներ, ես դեմ չէի լինի»,- նշեց նա:

Հարցին՝ բացի վարկից, ինչ ձևով կարող էր կառավարությունը բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել, տնտեսագետը պատասխանեց. «Բավականին մեծ գումար կա, ես չեմ ուզում թվեր ասել, որովհետև տարբեր ցուցանիշներ են հրապարակվում, խախտումների արդյունքում բյուջե մուտքագրված գումարների մասին է խոսքը: Դրան գումարած մոտ 100 մլն դոլարի չափով հավաքագրումներն են ավելի եղել: Հետևաբար, նախատեսվածից այդքան ավելի գումար ունենալու դեպքում կարելի էր դեֆիցիտը ծածկել ոչ թե ներգրավվող վարկերի, այլ այս տարբերակների միջոցով»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը, որով Կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ կներգրավի:

Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասել էր, որ 2018 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում է ներգրավումը կատարվում: Ըստ համաձայնագրի որոշման՝ վարկային միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը. պակասուրդը 156 միլիարդ 915 միլիոն 705 հազար դրամ է: Վարկի տոկոսադրույքը 3,3 % է: