Մեքսիկայում մարդասիրական աղետ է հայտարարվել ներգաղթյալների «քարավանի» պատճառով (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների հետ սահմանակից մեքսիկական Տիխուանայի քաղաքապետ Խուան Մանուել Գաստելումը մարդասիրական աղետ է հայտարարել քաղաքում՝ Միացյալ ազգերի կազմակերպությունից օգնություն խնդրելով քաղաք ժամանած հազարավոր ներգաղթյալների հարցը լուծելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, քաղաքապետը մանրամասնել է, որ ներկայում Տիխուանա է ժամանել Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների՝ 4.976 անդամ ունեցող «քարավանը»:
Հայտնի է, որ ներգաղթյալներին ժամանակավորապես տեղավորել են մարզային համալիրներում: Կանայք, տղամարդիկ ու երեխաները Տիխուանա են հասել ավելի քան մեկ ամիս ճանապարհների վրա անցկացնելուց հետո:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ապաստան տրամադրել նմանատիպ «քարավանների» անդամներին՝ նշելով, որ նրանց մեջ շատ են հանցագործները, հանցախմբերի անդամներն ու ահաբեկիչները:

Տիխուանայի իշխանությունների փոխանցմամբ՝ դաշնային կառավարությունն անտեսում է հարցի հետ կապված բոլոր խնդրանքները, ուստի՝ իրենք ստիպված են դիմել ՄԱԿ-ին:

Հավելենք, որ հոկտեմբերից սկսած Հարավային Ամերիկայի մի շարք պետություններից՝ Հոնդուրասից, Էլ Սալվադորից ու Գվատեմալայից, հազարավոր ներգաղթյալների «քարավաններ» սկսել են շարժվել դեպի Միացյալ Նահանգների սահման: Նրանց ճանապարհն անցնում է ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայով, որի իշխանությունները անտեսել են Թրամփի՝ ներգաղթյալների ընթացքը խոչընդոտելու պահանջները:











