Քեյթի ու Մեգանի միջև բարդ հարաբերությունների պատճառով արքայազն Հարին կնոջ հետ կհեռանա Քենսինգտոնյան պալատից. Daily Mail

16:32 • 25.11.18

Մեծ Բրիտանիայի արքայազններ Ուիլյամն ու Հարին եղբայրական մտերմության հրաշալի օրինակ են, սակայն ամուսնանալուց ու ընտանիք կազմելուց հետո նրանց հարաբերությունները կարծես թե վատացել են, ու դրան, ենթադրաբար, նպաստում են արքայազնների կանայք:

Այս մասին գրում է  Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, հաջորդ ամիս կտեղափոխվեն Քենսինգտոնյան պալատից ու կբնակվեն Վինձորում:

Հայտնի է, որ այժմ արքայազններն իրենց ընտանիքներով բնակվում են Քենսինգտոնյան պալատի տարածքում՝ առանձին տներում:

Թագավորական զույգերին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ տեղափոխման պատճառը Քեյթի ու Մեգանի միջև բարդ հարաբերություններն են:

«Քեյթն ու Մեգանը շատ տարբեր մարդիկ են ու իրականում այդքան էլ «լեզու չեն գտնում»»,- պատմել է աղբյուրը:

Հայտնի է, որ Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Քենսինգտոնյան պալատի տարածքում գտնվող առանձնատունն ունի 22 սենյակ, մինչդեռ Սասեքսի դքսին ու դքսուհունը՝ ընդամենը երկու: