Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը. Նիկոլ Փաշինյան

01:33 • 25.11.18

Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։ Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ «յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով»։

«Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել։

Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եվ այսպես լինելու է միշտ, որովհետև մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։

Այսօրվա երթը տևել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք։

Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։