Բրազիլիայի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ փողերի լվացման համար

23:54 • 26.11.18

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար, այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:

Նախկին նախագահին, մասնավորապես, մեղադրում են փողերի լվացման համար, որոնք նա ենթադրաբար ստացել է բրազիլական ARG ընկերության և Գվինեայի իշխանությունների միջև միջնորդ հանդիսանալու համար՝ այդ երկրում բրազիլական ընկերության գործունեության համար թույլտվության տրամադրման նպատակով:

Լուլա դա Սիլվայի փաստաբաններն առաջադրված մեղադրանքը անվանել են «օրենքի գերակայության հանդեպ հերթական հարված»՝ նշելով, որ դրանք խախտում են օրենքն ու փաստերը:

Նշենք, որ այս տարվա հունվարին Լուլա դա Սիլվան դատապարտվել է 12 տարի և 1 ամսվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով կոռուպցիոն գործարքներ իրականացնելու համար: Ապրիլից սկսած նախկին նախագահը սկսել է կրել իր ազատազրկման ժամկետը Կուրիտիբա քաղաքի բանտում: