Թերեզա Մեյը հայտնել է, թե երբ է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկության դնելու «Բրեքզիթի» մասին համաձայնագիրը

23:35 • 26.11.18

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկություն կիրականացնի դեկտեմբերի 11-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է «РИА Новости» գործակալությունը:

Մեյը խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվերակությանը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ դեկտեմբերի 11-ին, որ պալատը հավաքվի և որոշի՝ աջակցե՞լ հանրաքվեի արդյունքների իրականացմանը, թե՞ ոչ», - ասել է վարչապետը:

Նախօրեին ԵՄ կազմում մնացող 27 անդամ պետությունների ղեկավարները հաստատել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը:

Ավելի վաղ Մեյը կոչ էր արել բրիտանացիներին «Բրեքզիթ»-ի հարցում աջակցել իրեն:

Հայտնի է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմից դուրս կգա 2019թ. մարտին: