Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 420-ի
Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 420-ի: Ինչպես գրում է TACC-ը, այս մասին կիրակի երեկոյան հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական իշխանություններին:
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժից տուժած շրջաններ է ուղարկվել 23 օպերատիվ խումբ: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ կիրակի՝ նոյեմբերի 25-ին, Իրաքի և Իրանի սահմանին 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 46 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 150 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:
Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 70 տուժածի մասին: Նշվում էր, որ մարդիկ վնասվածքներ են ստացել ոչ թե ցնցումների հետևանքով, այլ դրանց պատճառով առաջացած խուճապի:










