Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն արդար ուղի անցած քաղաքական ուժերը. մեկնարկեց «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը (տեսանյութ)

11:01 • 26.11.18

Երևանի Նոր Նորք վարչական շրջանից՝ Գայի արձանի մոտակայքից, մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը, որի սկիզբը Երևանում ազդարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համար Մանե Թանդիլյանը:

Քարոզարշավին մասնակցում է նաև Գևորգ Գորգիսյանը և առաջին տասնյակից մի քանի ներկայացուցիչներ:

«ՀՀ քաղաքացին պետք է լինի մեր քաղաքական պատմության հիմքում, և սա պետք է լինի հեղափոխական ընտրություն հնի ու նորի միջև:  Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն արդար ուղի անցած քաղաքական ուժերը: Այդ ընտրությունը շատ հստակ է լինելու, ամբողջ երեք տարի ձեզ համար աշխատած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատվով անցել է իր քաղաքական կարճ, բայց բովանդակալից ճանապարհը»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ միասին պետք է կառուցեն այն Հայաստանը, որի մասին երազել են տարիներ շարունակ:

Թանդիլյանի խոսքով՝ իրենց արհեստավարժ թիմը պատրաստ է կառուցելու բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. «Ձեր քվեն՝ Լուսավորին»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շրջայց է կատարում Նոր Նորքում, ինչին հաջորդելու է նաև ավտոերթը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն քարոզարշավ է անում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։

ՀեղինակԱնի Օհանյան