Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայում մինչև 2019թ.-ի հունվարի 25-ը ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը

17:51 • 26.11.18

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ուկրաինայի նախագահի կայքին հղումով:


«Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության ու անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և երկրի տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը»,- ասվում է փաստաթղթում:


Համաձայն Խորհրդի որոշման՝ Ուկրաինայի գլխավոր շտաբին հանձնարարվել է կազմակերպել երկրի հակաօդային պաշտպանությունը, երկրի անվտանգության ծառայությանը հանձնարարվել է հակահետախուզական, հակաահաբեկչական ու հակադիվերսիոն գործունեության ուժեղացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել:


Բացի այդ, Պետական սահմանապահ ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել Ռուսաստանի հետ պետական սահմանի անվտանգությունը:


Պորոշենկոն հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում: 


Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ:


ՌԴ նախագահի գրասենյակն ու արտաքին գործերի նախարարությունն արձագանքել են Կերչի նեղուցում Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:


«Դա շատ վտանգավոր սադրանք էր, որը հատուկ ուշադրություն և պարզաբանում է պահանջում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Խստորեն կոչ ենք անում Կիևի արևմտյան հովանավորներին սանձել բոլոր նրանց, ովքեր փորձում են ռազմական հիստերիայի ֆոնին քաղաքական միավորներ շահել սպասվող ընտրությունների հետ կապված»,- ասել է Սերգեյ Լավրովը: