Պորոշենկոն կարծում է, որ ռազմական դրությունը պետք է մտցվի ոչ թե 60, այլ 30 օրով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կառաջարկի Գերագույն Ռադային երկրում իր կողմից սահմանված ռազմական դրությունը հաստատել ոչ թե 60, այլ 30 օրով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ նախագահի՝ ռազմական դրության ռեժիմի ժամկետը մինչև մեկ ամիս կրճատելը նպատակ ունի չխաթարել 2019 թվականի սկզբին նախատեսվող նախագահական ընտրությունները:
«Ազգային անվտանգության խորհուրդն ինձ առաջարկեց ռազմական դրություն մտցնել 60 օրով... Ես կառաջարկեմ խորհրդարանին ռազմական դրություն մտցնել 30 օրով», - ասել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:










