Քվեարկությունը պետք  է լինի ոչ միայն «դուխով», այլև, նախևառաջ, խելքով. Արթուր Բաղդասարյան

17:13 • 27.11.18

«Օրինաց երկիրը» ՀՀ-ում կրթության և գիտության ոլորտի օրենսդրության ձևավորման գործում ունեցել է հիմնարար դեր ու նշանակություն. այս մասին այսօր ասաց «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը`  կրթության, գիտության, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ իրենց հեղինակած օրենքներով է, որ ՀՀ-ում հիմք է դրվել կրթության ոլորտում լրջագույն բարեփոխումների կայացմանը, նախադպրոցական, հանրակրթության մասին օրենքներ են ընդունել: «Հենց մեր հեղինակած օրենքների շնորհիվ է, որ երեխաները Երևանում անվճար այցելում են մանկապարտեզներ և այնպես պետք է անենք, որ մարզերում ևս անվճար այցելեն: Գյուղապետեր ունենք, որ ջիպերով են ման գալիս իրենց համայնքների խնդիրներին անհաղորդ լինելով, փոխանակ մշակութային օջախները վերականգնեն, ինչը խոսում է պետական վերահսկողական համակարգը արդիականացնելու անհրաժեշտության մասին»,-ասաց նա:

Ըստ նրա, եթե ցանկություն կա զարգացնել նախադպրոցական կրթությունը, պետք է  պետական հոգածությունը բարեփոխել: «Մեզ համար անընդունելի է այն թեզը, որ Հայաստանում նախատեսվում է 10 000-ից ավելի ուսուցիչների կրճատում»,-ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ չպետք է լինի ընդունելության քննություն և պետք է բարձրագույն կրթության հասանելիությունը բարձրացվի հատկապես սոցիալապես անապահով երեխաների համար, պետությունը շնորհալի երեխաներին պետք է աջակցի:

Անդրադառնալով գիտությանը՝ նա ասաց,  Հայաստանում նորարարական գիտությունը պետության կողմից չի խթանվում: «Գիտության ֆինանսավորումը պետք է բարձրացվի, պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ խոսում է այդ պետության որակի մասին»,-ասաց նա և նշեց, որ ՕԵԿ-ը մերժում է բյուջետային համակարգի չհիմնավորված կրճատումը:

Ըստ նրա` ՕԵԿ-ին պետք է ընտրեն գրագետ, կրթված, վերլուծելու կարողություն ունեցողները: «Քվեարկությունը պետք է լինի ոչ միայն «դուխով», այլ, նախևառաջ, խելքով, քանի որ գործ ունենք մարտահրավերների հետ: Այս մարտահրավերները հնարավոր է լուծել միայն գրագետ, կրթության, գիտության, մշակույթը խնդիրները արժևորող և հետագիծ թողած քաղաքական ուժերի միջոցով»,-ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ գիտության նկատմամբ վերաբերմունքը պետք է վերաիմաստավորվի: «Ասել, թե նախկին իշխանությունները փայլում էին այդ վերաբերմունքով, հիմնարար սխալ կլինի, սակայն այս 8 ամսվա ընթացքում այսօրվա իշխանությունն էլ կրթության և գիտության մշակույթի խնդիրներին պատշաճ ուշադրություն չի դարձրել»,-ասաց նա: