Բագրատաշենում կուտակված աջակողմյան ղեկով մեքենաների պատճառով կուտակումներ են առաջացել, մարդիկ մնացել են «պատանդի» կարգավիճակում. Shamshyan.com

15:50 • 27.11.18

Բագրատաշենի անցակետում մնացած քաղաքացիները ահազանգել են, որ 2 օր է մնացել են պատանդի կարգավիճակում:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ահազանգողները պատմել են, որ Լարսում մի քանի օր անցկացնելուց հետո, սահմանը բացվել է, բայց այս անգամ էլ իրենք «գերի են ընկել» Բագրատաշենի անցակետի մոտ:

«Աջակողմյան ավտոմեքենաների մեծ թվով սեփականատերեր իրենց ավտոմեքենաները կայանել են նեյտրալ գոտում ու հիմա 2 օր է՝ չենք կարողանում մտնենք Հայաստան։ Ո՞վ պետք է այս անարխիայի դեմն առնի, չգիտենք։ Զանգում ենք կապի և տրանսպորտի նախարարության թեժ գիծ, ասում են՝ նախարարի պաշտոնակատարը արձակուրդում է, զբաղված է քարոզարշավով։ Լավ, եթե նախարարի պաշտոնակատարը արձակուրդում է, բա տեղակալնե՞րը, վարչության պետե՞րը, հո տեղում կլինեն»,-ասել են քաղաքացիները:

Նրանք ցանկացել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, թե ինչ քաոսային վիճակ է տիրում այս պահին հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։