Տնտեսության հիմնական խնդիրներն ու լուծման տարբերակները. նախընտրական բանավեճ
«Ազատություն» ՌԿ-ի եթերում նախընտրական բանավեճին մասնակցում էին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող 9 ուժերից 6-ը։ Քաղաքական ուժերը պատասխանեցին հարցին՝ որն է տնտեսության հիմնական խնդիրը և ինչպես են իրենք պատկերացնում դրա լուծումը։
Իշխանության ներկայացուցիչ, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 4-րդ համարն է, շեշտեց, որ հարցի պատասխանը հենց այն առաքելությունն է, որի շուրջ պետք է կառուցվեն բոլոր նպատակներն ու գաղափարները։ Նրա կարծիքով՝ հարցը մարդկանց երջանիկ ու բարեկեցիկ կյանք ապահովելն է։ Ըստ նրա՝ քաղաքականության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը պետք է տեղափոխվի նաև տնտեսական դաշտ։
«Մենք առաջարկում ենք ներառական տնտեսական աճի մոդելը, որը ենթադրում է, որ տնտեսության մեջ ակտիվորեն պետք է ներգրավված լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տնտեսական աճը չպետք է լինի սոսկ վիճակագրություն, այլ պետք է բերի զբաղվածության աճի և գործազրկության կրճատման։ Զուգահեռ պետք է հավաքագրվող հարկերի ծավալն ավելանա, իսկ սա արդեն մի պրոցես է, որը կապված է ներդրումային դաշտի բարելավման հետ և ընդհանրապես կապված չէ հարկերի դրույքաչափերի բարձրացման հետ։ Հավելյալ գումարները պետք է ուղղվեն կարևորագույն մի քանի ուղղություններով՝ կրթություն, առողջապահություն, ենթակառուցվածքների զարգացում և այլն»,- ասաց Տիգրան Ավինյանը։
«Մենք» կուսակցությունների դաշինքի 2-րդ համար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ շեշտեց, որ ՀՀ տնտեսության մեջ չկա մի ոլորտ, որտեղ անելիք չկա։ Սակայն նա որպես առաջնային խնդիր առանձնացրեց աշխատատեղերի ստեղծումը, որը, ըստ նրա, այսքան երկար տարիների ընթացքում այդպես էլ չլուծվեց։
«Կարևոր է նաև գազի սակագնի և էներգակիրների գների իջեցնումը, ինչը հնարավորություն կստեղծի արտադրության առումով մրցունակ դաշտ մտնել, այդ թվում նաև ԵԱՏՄ-ում։ Իհարկե, կոռուպցիայի դեմ այսօր բավականին շատ քայլեր են արվում, բայց համակարգային փոփոխության խնդիր կա, որը կապահովի, որ տնտեսության մեջ կոռուպցիա չլինի։ Խիստ անհրաժեշտ է նաև ստվերի կրճատումն ու վերացումը։ Մենաշնորհը, ցավոք սրտի, վերջնականապես չի վերացել, քանի որ խոշոր ներկրողները նույն խաղացողներն են։ Այսինքն՝ ՀՀ-ում մենք ունենք մի իրավիճակ, որտեղ աշխատողը չունի արժանապատիվ աշխատավարձ, և միայն իր աշխատավարձով հնարավոր չէ, որ ինքը կարողանա իր խնդիրը լուծել»,- շեշտեց Քոքոբելյանը։
Վերջինս հավելեց, որ «Մենք» դաշինքն առաջարկում է այն տարբերակները, որոնք այս խնդիրները լուծում են։ Նա վստահեցրեց՝ իրենց առաջարկած յուրաքանչյուր տարբերակ հաշվարկված ու փաստարկված է, ավելին՝ չկա մի թիվ, որի տակ հաշվարկ չկա։
Իսկ ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ ԲՀԿ-ն տնտեսական և սոցիալական կյանքի բարելավման առանցք է համարում անվտանգությունը, արդարությունն և աշխատանքը։
«Պարոն Քոքոբելյանն իրավացիորեն նշեց, որ արժանապատիվ աշխատավարձ չկա, և այս առումով ինչքան էլ մենք արդարություն ենք ձևավորում, ինչքան էլ համակարգային կոռուպցիա չկա, ինչքան էլ մենաշնորհներ չկան ներկրման ոլորտում, միևնույնն է, պետք է արձանագրենք, որ ընթացքի մեջ են խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն։ Բերեմ շատ կոնկրետ օրինակ՝ հիշում եք, որ ընդդիմությունն ասում էր, որ 1-2 հոգի են բենզին ու սալյարկա ներկրում, դրա համար գները բարձր են, հիմա արդեն չկա այդ մենաշնորհը, բայց գները չի իջնում, այսինքն՝ պետք է հաջորդ քայլն իրականացվի՝ ցանցերն իրացվեն, ազատականացվի շուկան։ Իհարկե, դեմ եմ սեփականության բռնի վերաբաշխմանը, բայց պետք է մրցակցության պաշտպանության նոր օրենք գործի, որտեղ խտրականության մասին մի հոդված կա, որը երբեք չի կիրառվել, այսինքն՝ խոշոր ներկրողը փոքրի բերածն էլ պարտավոր է իրացնել»,- շարունակեց Միքայել Մելքումյանը։
ՀՅԴ ցուցակի 3-րդ համար, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ՀՅԴ տնտեսական քաղաքականությունը հիմնված է 3 սյունի վրա՝ առաջանցիկ տնտեսական աճ, ներառականություն ու սոցիալական արդարություն, կայուն տնտեսական զարգացում։
«Առաջանցիկ տնտեսական աճ ունենալու համար էական է պետության դերը, որովհետև 90 թ-ից սկսած, երբ ՀՀ–ը տնտեսական քաղաքականություն էր մշակում, միշտ գնում էին նրա վրա, որ կլինի ինքնակառավարվող շուկա, անտեսանելի ձեռք, պետությունը պետք է ձեռքերը մի կողմ քաշի ու չմիջամտի։ Մենք գտնում ենք, որ այս 28 տարին ցույց տվեցին, որ այս մոտեցումը ճիշտ չէ, իրար հաջորդող բոլոր կառավարություններն աջակողմյան գաղափարախոսության կրող էին, իսկ մենք ավելի ակտիվ միջամտության կողմնակից ենք։ Ներառականություն ու սոցիալական արդարություն, քանի որ, երբ մենք խոսում ենք տնտեսական աճի մասին, թվեր ենք նշում, միևնույնն է, մարդիկ իրենց կյանքում փոփոխություն չեն տեսնում։ 2008 թ.-ից տնտեսական աճ եք ունեցել, իսկ ԱՎԾ տնօրենի նշանակումը ցույց է տալիս, որ մենք ընդունում ենք այդ թվերը, բայց երբ մարդուն հարցնում ես, պատասխանում է, որ ինքն իր կյանքի վրա չի զգում այդ տնտեսական աճը, որովհետև բաշխման խնդիր կա»,- հավելեց Խաչատրյանը։
ՀՅԴ ներկայացուցիչը նաև կարևորեց կայուն տնտեսական զարգացումը, քանի որ կարծում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև բնապահպանական խնդիրները․ «Հեշտ է ընդերքը թալանել և 2 կոպեկ տալ շահութահարկի ու եկամտահարկի տեսքով։ Կայուն տնեսական զարգացման մեջ կարևոր են նաև առողջապահության ու կրթության խնդիրները»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։
Արտաշես Գեղամյանն էլ, որը ՀՀԿ նախընտրական ցուցակի 10-րդ համարն է, գտնում է, որ այսօր զավեշտալի իրավիճակի է ականատես լինում։ Նրա խոսքով՝ մինչ հայոց պետականության նավը խորտակվում է, այստեղ քննարկում են հատվածային խնդիրներ։
«Առանցքային խնդիրը, խնդիրների խնդիրն այն է, որ մենք կարողանանք տնտեսության խնդիրներն ախտորոշել, հիմնական խոցելի տեղերը վեր հանել և այդ հիմնական խոցելի տեղերի ճանապարհ գծել ու կազմենք համալիր ծրագիր։ 2018 թվականի հունվարին Դավոսում տնտեսական ֆորում տեղի ունեցավ, որտեղ հիմնական շեշտադրումն այն էր, որ ՀՆԱ–ը որպես երկրների զարգացման հիմնական չափորոշիչ ընդունվի։ Ներառականությունն ու սոցիալական արդարությունը հիմքերի հիմքն է։ Վերջին հաշվով դեկտեմբերի 9-ից հետո 10 է գալու, և մենք ապրելու ենք այդ Հայաստանում։ Համարձակորեն ասենք խնդիրները, ինչպես արեց Սերժ Ազատի Սարգսյանը, երբ քննարկվում էր 20-30 հեռանկարային ու ռազմավարական ծրագիրը, այնտեղ խնդիր դրվեց ներառական էկոնոմիկայի զարգացում ապահովել ՀՀ-ի համար»,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը։
«Մենք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանն էլ Արտաշես Գեղամյանին հարցրեց, թե ՀՀ տնտեսության ներկայիս վիճակի թիվ մեկ մեղավոր ում է համարում։ Գեղամյանն էլ ի պատասխան հայտարարեց․ «ՀՀ տնտեսության ներկայիս հիմնական մեղավոր համարում եմ Հայոց Համազգային շարժմանը, որի արմատներում Դուք կանգնած եք։ ՀՀՇ-ն թալանչիական սեփականաշնորհում արեց ու ջարդեց տնտեսության ողնաշարը, որից դուրս գալու համար մեծագույն ճիգեր էին հարկավոր»։
Քոքոբելյանն էլ արձագանքեց՝ նկատելով, որ ՀՀԿ–ն երկար տարիներ իշխանության է եղել և կարող էր խնդիրները կարգավորել։
«Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար Գարեգին Չուգասզյանն էլ իր խոսքն սկսեց անգլիացի նշանավոր գրող Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններից մեկի մեջբերմամբ ։
«Շեքսպիրի Համլետն ասում էր՝ բառեր, բառեր, բառեր... հիմա մենք կարող ենք ասել՝ թվեր, թվեր, թվեր։ Այդ բոլորը լսել ենք, պարո՛ն Գեղամյան, տարիներ շարունակ լսել ենք կոչեր, ծրագրեր, բայց չգիտես ինչու այդ բարեկեցությունը, անգամ լավ տարիներին, երբ աճ կար, մեր քաղաքացին չզգաց, մեր ժողովրդի մեջ միջին խավ այդպես էլ չձևավորվեց։ Աղքատությունը 29,4 տոկոս է, դուք հավատո՞ւմ եք այս թվերին։ Այստեղ որևէ մեկը չկա, որ հավատա այդ կեղծիքին, իսկ այս կեղծիքի հիման վրա ինչպես կարելի է ախտորոշել։ Նախևառաջ պետք է մեթոդիկան փոխել»,- եզրափակեց Չուգասզյանը՝ նկատելով, որ այս սոցիալական խնդիրներն են նաև կանգնած հեղափոխության հիմքում։










