Պետք է ունենանք ցանկացած գործադիր իշխանության զանգերից, հրահանգներից վեր դատական իշխանություն. Է. Մարուքյանը՝ ջերմուկցիներին (տեսանյութ)

14:20 • 27.11.18

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս իրավունքի գերակայության վրա խարսխված դատական իշխանության ձևավորման ծրագրով: Քվեարկեք մեր օգտին և եղեք պաշտպանված: Այս մասին Ջերմուկ քաղաքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին հայտարարեց ԼՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նա հայտնեց, որ մինչև Ջերմուկ հասնելը կուսակցության անդամներով հետաքրքիր զրույց են ունեցել Ամուլսարի պահապանների հետ: «Ինչո՞ւ մենք ունենք Ամուլսարի իրավիճակը: Կա ներդրող, որն ասում է՝ պետությո՛ւն, իմ ներդրումը պաշտպանիր, կան անգին արժեքներ՝ բնությունը: Ինչո՞ւ ենք մենք հասել այս փակուղուն, որովհետև մարդկանց բողոքները տեղ չեն հասել:

Ամուլսարի խնդիրը չեղած դատական համակարգի խնդիրն է, չգործող իրավական համակարգի հետևանքն է, որտեղ մարդը ոչ մի արժեք չի ունեցել: Հետևաբար, համայնքների բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել»,- նշեց Է. Մարուքյանը:

Ըստ նրա՝ պետության համար շատ կարևոր նշանակություն ունի իրավունքի վրա խարսխված դատական իշխանություն ունենալը, ինչը ԼՀԿ-ի նախընտրական ծրագրի հիմնասյուներից է: «ԼՀԿ-ն այն կուսակցությունն է, որտեղ կան շատ հմուտ իրավաբաններ: Ես ինքս 10 տարի զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ, և ես գիտեմ, թե ինչպիսի դատական համակարգ է պետք, գիտեմ՝ ինչ է պետք անել:

Այլևս ՀՀ-ում չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ դատարաններն անտեսեն մարդկանց: Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ մեր բնությունը պետք է կործանենք, մեր խմելու ջուրը կործանենք, մենք մեր ապագան ենք կործանում»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը ջերմուկցիներին կոչ արեց քվեարկությամբ խորհրդարանում ստեղծել «Լուսավոր Հայաստան» խմբակցություն, որն իր պրոֆեսիոնալ թիմով խնդիրներին իրապես լուծում կտա: «ՀՀ բոլոր խնդիրների լուծման բանալին քաղաքական համակարգի առողջացումն է:

Մենք դեկտեմբերի 9-ին պետք է ձևավորենք լավ, ճիշտ աշխատող խորհրդարան, որից հետո քայլ առ քայլ երկրի բոլոր ինստիտուտները, կառույցները, որոնք պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն, պետք է ուղղելով շարժվենք առաջ: Մենք պետք է ունենանք այնպիսի դատական իշխանություն, որը վեր է ցանկացած գործադիր իշխանության զանգերից, հրահանգներից»,- հայտարարեց նա: