Մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատել է, որ պետությունը դառնա արժանապատիվ. Մանե Թանդիլյան

11:30 • 27.11.18

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավի երկրորդ օրը սկսեց Էրեբունի արգելոց թանգարանի մոտակայքից:

Պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը բոլորին կոչ արեց դեկտեմբերի 9-ին իրենց քվեն տան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը թիվ 5-ն է: «Եթե ուզում եք ձեր երեխաներն ապրեն անհոգ մանկություն, ընտանիքները բարեկեցիկ լինեն, ծերերը հարգված և աժանապատիվ, միասին կերտենք արժանապատիվ, բարեկեցիկ Հայաստանը: Միասին՝ դեպի լուսավոր Հայաստան»,-ասաց նա:

Քայլերթի ժամանակ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենց թիմն ամենօրյա ռեժիմով աշխատել է, որ պետությունը դառնա արժանապատիվ, բարեկեցիկ, երջանիկ և լուսավոր: «Դուք կարողացել եք մեր գործունեությանը հետևել թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում, կարողացել եք հետևել միջազգային հարթակներում մեր գործունեությանը»,-ասաց նա և նշեց, որ պետք է անպայման իրենց մեկ քվեով մասնակցեն պետության կայացմանը՝ ճանաչելով իսկական քաղաքական գործիչներին:

Լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը նշեց, որ այսօր կլինեն Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում և կփորձեն 12 օրերի ընթացքում հասցնեն լինել բոլոր տեղերում: «Մենք եղել ենք տարբեր դաշինքներում, և համապետական ընտրություններին որպես կուսակցություն հիմա առաջին անգամ ենք մասնակցում: Ճիշտ է, Վանաձորում «Լուսավոր Հայաստանն» ունի խմբակցություն, բայց ուզում ենք, որ ԱԺ-ում «Լուսավոր» խմբակցություն լինի, հետևաբար քաղաքացիները պետք է ճանաչեն, որ այն գործիչները, որ այս երեք տարիների ընթացքում անընդհատ կապի մեջ են եղել, և բացարձակ դրական արձագանքներ կան, այդ գործիչներն արդեն ներկայանում են իրենց քաղաքական ուժը»,-ասաց նա:  

Իսկ թե առաջին իսկ օրից ինչպե՞ս է գնահատում քարոզավի ընթացքը, և ինչ կարծիք ունի մասնավորպես Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ առաջացած աղմուկի մասին, Մանե Թանդիլյանը նշեց, որ քիչ է հետևում մյուս ուժերի քարոզարշավին, բայց տեղյակ է, որ որոշակի «փոխհրաձգություններ են եղել»: «Պետք է խոսել ծրագրերից, որ քարոզարշավն առողջ մթնոլորտում անցներ, չեմ կարծում, որ միմյանց հարվածելով է որոշվում լավագույնը: Լավագույնը նա է, որ կարողացել է այս ընթացքում քաղաքացիներին ապացուցել, որ ինքը նվիրյալ, անձնուրաց աշխատող քաղաքական գործիչ է, և սա է ճանապարհը դեպի իրական քաղաքականություն»,-ասաց նա: