Թող բանակն ինձ թիկունք կանգնի, ես կլացացնեմ Հունան Պողոսյանին, խոստում եմ տալիս. Ստեփան Գրիգորյան

13:43 • 27.11.18

Մենք սովոր ենք, որ Ազգային ժողովը տականքների, ոչ սկզբունքային մարդկանց, երեսփոխանների տեղ է, ես պրինցիպիալ որոշեցի տղերքի հետ գնալ, որ կամաց–կամաց մաքրենք Ազգային ժողովը քաղաքական թափոններից:

Այս մասին Արարատի մարզի Մխչյան գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համապետական ցուցակի երկրորդ համար Ստեփան Գրիգորյանը։ Վերջինս շեշտեց, որ մարդիկ սովոր են նրան, որ ԱԺ-ն տականքների, ոչ թե ազնիվ մարդկանց տեղ է:

Պատգամավորի թեկնածուն անդրադարձավ նաև «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններին՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել, բայց ԱԺ-ում պիտի հակակշիռ լինի: Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ որոշ հարցերում տարաձայնություններ կան, որոշ հարցերում՝ համընկնումներ, բայց իրենք կարծում են, որ մեկ ուժը գերակշռող չպիտի լինի, Նիկոլ Փաշինյանին հավատում են, բայց հարց է, թե հավատում են նրանց, ովքեր գալու են նրա հետ իշխանության:

«Համաձայնեցիր պաշտոն ստանալ, արի՛, մեզ ծառայիր, նորմալ կհարգենք, եթե լավ բաներ անես, կգովենք, եթե պետք է, կքննադատենք, եթե պետք է, բերման կենթարկենք նախարարներին, ամբիոնից կպատասխանենք, թե ինչի հետ են կապված իրենց հայտարարությունները»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի՝ մարզ կատարած առաջին աշխատանքային այցի ընթացքում արված հայտարարությանը, թե բնակիչներից մեկը խնդրում է այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, զայրացնող է. «Էն մի հատ կա է, էն Սյունիքի մարզպետը, որ ասաց՝ ջղայնացնեք ինձ, ես կհիշեմ, որ ոստիկան եմ։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, նրան կբերեմ, կկանգնեցնեմ ամբիոնի մոտ, կասեմ՝ հլը լսի, դու ի՞նձ ես վախեցնում, թե՞ «Սասնա ծռերին»: Կլացացնեմ, խոստում եմ տալիս ձեզ, թող բանակն ինձ թիկունք կանգնի, ես իրեն կլացացնեմ»,–շեշտեց նա։