Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհների հետևանքով ավելի քան 200 մարդու ճակատագիր անհայտ է մնում
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի իշխանություններին դեռևս չի հաջողվել պարզել նահանգի հյուսիսային հատվածում բռնկված անտառային հրդեհների հետևանքով անհետ կորած 203 մարդու ճակատագիրը: Այս մասին հաղորդում է NBC BAY AREA գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը՝ Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնեայի հաղորդած տվյալներից իշխանությունները ենթադրում են, որ հրդեհների հետևանքով զոհվել է 88 մարդ: Երեկ զոհերի նոր մարմիններ չեն հայտնաբերվել: Իշխանությունները շարունակում են որոնողական աշխատանքները՝ պարզելու, թե ինչ է պատահել անհետ կորածների հետ:
Ըստ վերջին գնահատականների՝ Բյութ շրջանում նոյեմբերի 8-ին սկսված հրդեհների հետևանքով ավելի քան 13 հազար տուն է ոչնչացվել:
Երկու օր առաջ Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել էին, որ նահանգի պատմության մեջ ամենաավերիչ անտառային հրդեհն ամբողջությամբ տեղայնացված է: Այրվել է մոտ 600 քառակուսի կիլոմետր տարածք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կալիֆոռնիա՝ իրավիճակը տեղում գնահատելու և տուժածների ու տեղական իշխանությունների հետ հանդիպման նպատակով:










