Չինաստանում հետաքննություն է սկսվել աշխարհում առաջին գենային փոփոխությունների ենթարկված երեխաների լույս աշխարհ գալու կապակցությամբ
Չինացի գիտնական Հի Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունը, համաձայն որի Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները, մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Չինաստանի առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ: Այժմ համապատասխան մասնագետներն աշխատում են պարզելու համար՝ արդյոք գիտնականի պնդումները համապատասխանում են իրականությանը:
Հիշեցնենք, որ Ժյանկույի երեկվա հայտարարությունում նշվում էր, որ Լուլուն և Նանան ծնվել են մի քանի շաբաթ առաջ ու գենետիկ փոփոխությունների շնորհիվ այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Երեխաները ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այդ նպատակով օգտագործվել է նախապես գենետիկորեն փոփոխված ձվաբջիջ, որն ավելի ուշ փոխպատվաստվել է արգանդի մեջ: Հայտնի է, որ աղջիկների հայրը ՄԻԱՎ վարակակիր է:
Մասնագետը մանրամասնել էր, որ քույրերի ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ «գործիքի»՝ CRISPR-cas9-ի միջոցով: CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատելու ԴՆԹ-ի վրա, ակտիվացնելու անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնելու հիվանդության պատճառ հանդիսացող գենը:
Այս տեխնոլոգիան վերջերս է փորձարկվել մարդկանց վրա՝ մահացու հիվանդությունները բուժելու նպատակով: Դա նշանակում է, որ հիվանդություն ունեցող մարդը գենային փոփոխությունից հետո իր ապագա երեխաներին վտանգավոր գեները չի փոխանցի:
Պարբերականը նկատում է, որ էմբրիոնների գեների փոփոխությունն արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում, քանի որ ԴՆԹ-ի փոփոխությունները կարող են փոխանցվել ապագա սերունդներին ու անկանխատեսելի ազդեցություն ունենալ ամբողջ գենային համակարգի վրա:
Չինացի գիտնականների մեծ մասը միասնական դիրքորոշում ունի Ժյանկույի հայտարարության վերաբերյալ: Ավելի քան 120 գիտնականի համատեղ հայտարարությունում նշվում է, որ կատարվածն ուղղակի «խենթություն» է: Նրանք դատապարտել են գիտափորձն ու իշխանություններին կոչ արել ուսումնասիրել հարցը: Մասնագետների կարծիքով՝ դա «ակադեմիական էթիկայի և նորմերի կոպիտ խախտում է»:
«Պանդորայի տուփն արդեն բացված է, բայց մենք դեռևս կարող ենք այն փակել, քանի դեռ վերջնականապես ուշ չէ»,-ասվում է գիտնականների հայտարարությունում:
Այս առնչությամբ իրենց բողոքն են հայտնել սոցկայքերի տասնյակ օգտատերեր: Շատերը մեջբերել են հանգուցյալ գիտնական Սթիվեն Հոքինգի մտքերից մեկը, համաձայն որի «երբ աշխարհում նման գերմարդիկ հայտնվեն, սովորական մարդիկ շատ լուրջ խնդիրների կբախվեն, ոչ մրցունակ կդառնան: Ի վերջո, նրանք կվերանան կամ կդառնան երկրորդական էակներ: Մինչդեռ աշխարհում կստեղծվի գերմարդկանց նոր ռասա, որի ներկայացուցիչներն աներևակայելի արագությամբ կկատարելագործվեն»:










