Կերչի նեղուցում կալանված ուկրաինական նավերում հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել
Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում կալանված և ուկրաինական ռազմածովային ուժերին պատկանող նավերում եղել են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) հակահետախուզության բաժնի բարձրաստիճան զինվորականներ, տեղեկացրել է ՈւԱԾ ղեկավար Վասիլի Գրիցակը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Գրիցակը մանրամասնել է, որ իր ենթականերն իրականացնելիս են եղել երկրի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներին հակահետախուզական աջակցության առաջադրանք: Նա հիշեցրել է, որ ռազմական հետախույզները արդեն 4 տարուց ավելի զինծառայողների հետ կողք-կողքի առաջնագծում են գտնվում:
«Ըստ ՈՒԱԾ-ի ստուգված օպերատիվ տեղեկության՝ ռուսական գրոհիչներից մեկն ուկրաինական նավերի ուղղությամբ երկու չվերահսկվող մարտական հրթիռ է արձակել, ինչի հետևանքով ՈՒԱԾ-ի սպաներից մեկը մարմնական ծանր վիրավորում է ստացել»,-ասել է Գրիցակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով տուժել է երեք ուկրաինացի նավաստի:










