Հավաքեք, պետք է հետ բերեք փողերը․ առաջիկայում մեր բանակում մի քանի միլիարդ դոլար պետք է ներդրվի․ Նիկոլ Փաշինյանը՝ բանակից փող գողացողներին

16:31 • 27.11.18

Լոռու Մարզի Ստեփանավան քաղաքում մեկնարկած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ուժի առաջնորդ և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հանրապետական» կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի՝ Ղարաբաղի մասին հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշեց․ «Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն անել, որովհետև ՀՀԿ-ն և Դավիթ Հարությունյանը ոչ մի էմոցիա չեն շարժում, բայց ես ուզում եմ, որ այդ հարցի պատասխանը տան՝ հենվելով փաստերի վրա»:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավել մեծ վտանգ է, քան Ադրբեջանի Հանրապետությունը: Նա նաև նշել էր, որ բանակի թուլացումը կատարվում է վարչապետի ուղղակի հրահանգով:

Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ իրենց կառավարությունն առաջինն է, որ ասել է՝ Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և եթե լինի ԼՂ հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի ժողովրդի համար, ինքը կներկայացնի ժողովրդին, և ժողովուրդը կորոշի՝ ընդունել այն, թե՝ ոչ:

«Ես ՀՀ-ի առաջին ղեկավարն եմ, ով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում հստակ հայտարարել է, որ կարող է հանդես գալ ՀՀ-ի անունից, բայց ես չեմ բանակցում Ղարաբաղի և ժողովրդի անունից: Արցախի կողմից կարող են խոսել միայն Արցախի իշխանությունները»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նաև պատմեց, որ վերջերս, երբ իր արձակուրդի ընթացքում գնացել էր Ղարաբաղ և արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրն անցկացրել էր այնտեղ, հրավիրել էր Արցախի ղեկավարությանը, զինված ողջ հրամկազմին և բոլոր մանրամասներով ներկայացրել Արցախի խնդրի լուծման վերաբերյալ իր դիրքորոշումները և բանակցային գործընթացի մասին բոլոր մանրամասները:

«Նրանց ներկայությամբ ասել եմ, որ չեմ ընդունում բոլոր, այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանենց ժամանակ արտահայտած տեսակետը, որ Ղարաբաղի հարցին պետք է փորձագետի մակարդակով տիրապետի 5․6․7 հոգի: Ես ասել եմ՝ ընդհակառակը՝ որքան մարդ տիրապետի հարցին, այնքան լավ մեզ համար, որովհետև Ղարաբաղի հարցում չի կարող լինել գաղտնիք ՀՀ ԶՈՒ-ի համար, դիվանագիտական կորպուսի, ժողովրդի համար»,- ասաց նա:

Հետո նա նշեց, որ նույն Ղարաբաղի իշխանություններին հարցրել է, թե նախկինում նման պրակտիկա եղել է, որ ՀՀ ղեկավարությունը գա, Արցախի ղեկավարությանը, Զինված ուժերին, հրամկազմին հավաքի, պատմի՝ ինչ է կատարվում և ինչ մտադրություններ կան: «Նրանք ասել են, որ նախկինում երբեք նման բան չի եղել: Նախկինում երբեք այդպիսի տեղեկատվություն չեն ստացել,- ասաց նա՝ հավելելով, որ ամենը որպես փաստ է ներկայացնում:- Մի քանի անգամ հրապարակային ասել եմ, որ զարմանում եմ և անընդունելի է, երբ միջազգային կառույցները գալիս և հարցնում են՝ Հայաստանը պատրա՞ստ է զիջումների: Ես ասել եմ՝ մենք հրաժարվում ենք պատասխանելուց այդ հարցին, քանի դեռ այդ նույն միջազգային հանրությունը Ադրբեջանին չի հարցնում․․․ որևէ մեկը Ադրբեջանին հարցնու՞մ է՝ պատրաս՞տ է զիջումների: Երբ այդ հարցը կտաք Ադրբեջանին և պատասխանը կստանաք, մեզ էլ կհարցնեք»:

Փաշինյանի խոսքով՝ Շահնազարյանի հայտարարությունից առաջ էլ ինքը հայտարարել է, որ իրենց կառավարությունը Ղարաբաղի հարցը ցանկանում է լուծել այնպես, ինչպես ցանկանում է Հայաստանի ժողովուրդը: «Եթե «Հանրապետականը» մեղադրում է իշխանություններին, որ ուզում են Ղարաբաղը հանձնել, ուրեմն մեղադրում է ժողովրդին, որ ուզում է Ղարաբաղը հանձնել: Ես հո գիտեմ՝ դուք ոնց եք ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծվի»,- ասաց նա՝ նշելով, որ դա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն:

Նա նկատեց՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանից ստացել են մի բանակ, որը համարվել է տարածաշրջանում ամենամարտունակը: Հետո մատնանշեց, որ նրանք իրենց կառավարման ժամանակ չեն ասել, որ մեր բանակն ամենամարտունակն է: «Որովհետև Սերժ Սարգսյանը 2016 թվականին ասաց, որ մեր բանակը կռվում է 1980-ական թվականների զենքով: Սա դավաճանության արդյունք է: Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը դառնա միլիոնատեր, իսկ մեր բանակը 80-ականների զենքերով կռվի: Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հարյուր միլիոնների ունեցվածք ունենա, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքով: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ժողովրդի մանդատը ստանալով՝ ինքը արմատախիլ է անելու բանակից կոռուպցիոն մեխանիզմները: «Մեր առաջնահերթությունը մեր բանակը վերստին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձնելն է: Սա մեզ համար լինելու է բացարձակ առաջնահերթություն:  Բայց այդ փողերը տանողները չմտածեն, որ իրենց ասելու ենք ցտեսություն: Ես ուղիղ ասում եմ՝ հավաքեք, պետք է հետ բերեք փողերը: Առաջիկայում մեր բանակում մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ միլիարդ դոլար պետք է ներդրվի: Եվ այդ գումարների մի հսկայական մասը, այդ գողացվածները պետք է վերադարձվեն: Չվերադարձնեք կամավոր, կվերադարձնեք հարկադրաբար: Ժողովրդով կգնանք յուրաքանչյուրի հետևից ու կոպեկ-կոպեք կստանանք»,- ասաց նա:

Նա նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում հաստատված ոչ մի իշխանության դիրքորոշում ավելի ղարաբաղամետ և հայամետ չի եղել, որքան իրենցը: «Փորձ կա ասելու, որ մենք ազատամարտը և ազատամարտիկներին որևէ կերպ անուշադրության ենք մատնում կամ նսեմացնում ենք նրանց վաստակը: Ուրիշ բան չեմ ասում՝ Սասուն Միքայելյանը ազատամարտի ամենավառ ներկայացուցիչներից է, և ի տարբերություն ոմանց, մենք առաջին իշխանությունն ենք, որ ազատամարտի որևէ կազմակերպություն չենք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ: Մենք բանակին չենք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ»,- ասաց նա: