ԱՄԷ-ում Ազգային օրվա առթիվ ներում է շնորհվել ավելի քան 1800 դատապարտյալի
Արաբական Միացյալ Էմիրություններում Ազգային օրվան ընդառաջ ավելի քան 1800 դատապարտյալ, համաներման ենթարկվելով, ազատ կարձակվի, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱՄԷ-ի փոխնախագահ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նախօրեին ներում է շնորհել 625 բանտարկյալի, ավելի վաղ երկրի նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զաիդ ալ Նախայանը կարգադրել է ազատ արձակել 785 դատապարտյալի, ինչպես նաև մարել նրանց ֆինանսական պարտքերը:
Բացի այդ՝ Շարջայում, Աջմանում, Ռաս Ալ Խայմայում և Ֆուջայրայում իշխանությունները ներում են շնորհել 542 դատապարտյալի:
Նշենք, որ ԱՄԷ-ում Ազգային օրը նշվում է դեկտեմբերի 2-ին: 1971 թվականի այդ օրը կնքվել է Աբու Դաբիի գլխավորությամբ 6 էմիրությունների՝ մեկ անկախ պետության մեջ միավորվելու մասին համաձայնագիրը: 7-րդ էմիրությունը՝ Ռաս Ալ Խայման, երկրին է միացել մեկ տարի անց:










