Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի մոտ Ռուսաստանի «ագրեսիայի» դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել (տեսանյութ)

12:07 • 27.11.18

Նյու Յորքում Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կենտրոնական գրասենյակի շենքի առաջ ուկրաինական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի Դաշնության «ագրեսիայի» դեմ, հաղորդում է korrespondent.net-ը՝ «Ամերիկայի ձայն»-ին հղումով:


Ցույցի մասնակիցները միջազգային հանրությունից և ԱՄՆ իշխանություններից պահանջել են աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և դատապարտել Ռուսաստանի գործողությունները:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:

 
Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:


Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: 


Նախօրեին Ուկրաինայի գերագույն ռադան հաստատել է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն սահմանել 30 օրով: