Ուկրաինա ժամանած տասնյակ ռուսների թույլ չեն տվել երկիր մուտք գործել
Կիև ժամանած մոտ 50 ռուսների թույլ չեն տվել Ուկրաինա մուտք գործել, գրում է Korrespodent.net-ը՝ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկիի հաղորդմանը հղումով:
«Երկուշաբթի առավոտվանից Կիևից Մինսկի օդանավակայան է վերադարձել Ռուսաստանի 47 քաղաքացի, որոնք տեղեկացրել են, որ իրենց մուտքն Ուկրաինա արգելել են», - ասել է Բիչկովսկին:
Ըստ նրա՝ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունները բելառուսական կողմին չեն տեղեկացրել օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում`Բելառուսի տարածքով Ուկրաինայի սահմանը հատելու կարգի որևէ փոփոխության մասին:
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ «բելառուսական կողմը լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկել Ուկրաինայի հետ սահմանային ռեժիմի ամրապնդման համար»:
Ավելի վաղ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում ռազմական դրության հետ կապված առաջարկել էին սահմանափակել որոշ ռուսների մուտքն Ուկրաինա:










