ՊԵԿ-ը ստուգումներ չի արել, իսկ «Զին տաքսին» չի պատասխանում հարցերին, թե ինչպես է իր եկամտի 80%-ն ուղղում բանակին
«Զին տաքսի» ընկերությունը գովազդային հրապարակումներ է անում այն մասին, որ իր գործունեության արդյունքում ստացած եկամտի 80 %-ը ծախսում է բարեգործական նպատակներով, գումարը հատկացնում է բանակին, զինվորներին:
Tert.am-ը եկամտի չափի և բարեգործությանն ուղղված գումարների վերաբերյալ պարզաբանում ու նրանք վկայող փաստաթղթեր խնդրեց «Զին տաքսիից»: Ծառայության աշխատակիցը նոյեմբերի սկզբին Tert.am-ի հարցերը լսելուց հետո հայտնեց, որ տնօրինությունը Հայաստանում չէ, իսկ ինքը հարցերին պատասխանելու իրավասություն չունի:
«Մեկ շաբաթից զանգահարեք, տնօրինությունը կլինի Հայաստանում և կպատասխանի ձեր հարցերին»,-հայտնեց ընկերության աշխատակիցը:
Մեկ շաբաթ անց Tert.am-ի զանգին ի պատասխան տաքսի ծառայության նույն աշխատակիցը հայտնեց , որ տնօրինությունը Հայաստան կգա տասը օրից:
Տասը օր անց «Զին տաքսիի» աշխատակիցն ասաց, որ տնօրինությունը զբաղված է և մեկ ամսից շուտ եկամտի, գովազդների՝ իրականության համապատասխանությունը փաստող հարցերին չեն կարող պատասխանել, մեկնում են մկրտության, այնուհետև Իրան:
Tert.am-ը տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ հարցում ուղարկեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որտեղից Tert.am-ի հարցումներին, թե ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրե՞լ է այս ընկերությունում և ի՞նչ է հայտնաբերել, ՊԵԿ-ից հայտնել են հետևյալը. ««Զին տաքսի» ՍՊ ընկերությունում հարկային մարմնի կողմից որևէ ստուգում կամ ուսումնասիրություն չի իրականացվել: Հարկ է նշել նաև, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 10.07.2018թ.-ին»:
Բացի այդ, Tert.am-ը տեղեկացվել է, որ նշված տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ էջերը օգտագործում են հայտնի անձանց , գործիչների տեսահոլովակները, որտեղ նրանք խոսում են բանակի մասին, և դրանք կոնտեքստից կտրված ներկայացնում են իրենց գովազդային էջերում՝ հայտնելով, որ նշված անձինք միացել են իրենց ծրագրին:










