Ունենք վիրավորանքի, այլատյացության աճ. Արման Թաթոյանը` քարոզարշավի մասին (տեսանյութ)

11:43 • 28.11.18

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ՀՀԿ շտաբը ՄԻՊ-ի ուշադրությունն է հրավիրում վարչապետի խոսքին, հռետորաբանությանը և ըստ ՀՀԿ-ի՝ վարչապետի խոսքում ատելության դրսևորումներ կան, ասաց, որ անկախ ամեն ինչից, ստեղծել են աշխատանքային խումբ, շուրջօրյա դիտարկում են իրականացնում:

«Ընդհանրապես ուզում եմ նշել, որ մենք ունենք այս ոլորտում վիրավորանքի, այլատյացության աճ, ես սա համարում եմ մտահոգիչ և կարծում եմ՝ դա ազդում է խոսքի ազատության վրա»,-ասաց նա:

Արման Թաթոյանը մտահոգիչ համարեց ատելության խոսքի դրսևորումները, որոնք սոցիալական ցանցերում արտահայտում են առանձին օգտատերեր, ինչպես նաև կեղծ օգտատերերի ինստիտուտի զարգացումը:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքը տարածվում է առերևույթ կեղծ օգտատերերի կողմից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խախտումներ արձանագրելուն, նա ասաց, որ խախտումներ արձանագրել են և ամփոփելուց հետո հանդես կգան հաղորդմամբ: «Մենք մի քանի հանգամանքի ենք ուշադրություն դարձնում, որոնց մեր հայտարարությունում անդրադարձ կկատարենք»,-ասաց նա: