Կան մարդիկ, խմբեր, որոնք փորձում են իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք նախընտրական շրջանում որևէ մեկին չեն գաղտնալսում։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ գաղտնալսման համար դատարանի որոշում է հարկավոր, քանի որ գաղտնալսման համար հիմք է հարկավոր, և այն օպերատիվ հետախուզություն չէ։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ իրենք աշխատում են, որ ՀՀ պատմության մեջ խորհրդարանական այս ընտրությունն աննախադեպ լինի։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրները կապված են ընտրակաշառքի հետ։
«Կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք փորձում են իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ։ Բայց միանգամից ասեմ, որ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակից տրվող հանձնարարություն է, այլ, այսպես ասած, «արջի ծառայություն» մատուցող խմբեր են տարբեր տարածքներում»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Օգտվելով առիթից՝ ԱԱԾ տնօրենը հորդորեց նման մարդկանց արկածախնդրության չգնալ, որովհետև ԱԱԾ-ի ձեռքերը երկար են ու իրենք ամեն բան տեսնում են, իսկ շրջանակը հսկողության տակ է։
«Կուսակցությունը չեմ ասի, բայց ռեյտինգայինով մարդը թեկնածու է, հավաքել է իր ընկերներին, նրանք էլ մտածում են՝ ոնց շատ ձայն հավաքեն, մարդիկ են գտնում, ասում են՝ այսքան փող տանք, ընտրեք։ Հստակ պայմանավորվածություն չկա, իսկ Քրեական օրենսգիրքն ասում է, որ խոստումը կամ պայմանավորվածությունը քրեորեն պատժելի արարքներ են։ Երբ կհասնենք այն մասին, որ կլինի կոնկրետ առաջարկ, պայմանավորվածություն, խոստում, ապա անմիջապես այդ մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։ Այս առումով ոստիկանությունն ավելի առաջնային գծում է, համոզված եմ, որ մեր ոստիկանությունն այդ ուժն ու հնարավորությունն ունի»,- շարունակեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, մասնակցում է 11 քաղաքական միավոր։










