Իվանիշվիլին ասել է, որ Վրաստանի նախագահի ընտրություններում քվեարկել է «անցյալ չվերադառնալու» օգտին

14:06 • 28.11.18

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին երկրում այսօր մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է զարգացման օգտին ու «բռնության ու ստի դեմ», գրում է ria.ru-ն:


Իվանիշվիլին ընտրատեղամաս է այցելել կնոջ, որդու և հարսի հետ:


«Մենք արել ենք մեր ընտրությունն արժանապատվության, արդարության ու զարգացման օգտին և որպեսզի ո՛չ ասենք բռնությանն ու ստին և չվերադառնանք անցյալ: Դուք լավ եք հիշում այդ տարիները, նրանց ձեռագիրը լավ է զգացվում»,- ասել է Իվանիշվիլին լրագրողներին:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 28-ին մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում տասը բողոք է ստացել: 


Իր հերթին, Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այսօր տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին:


Ընտրությունների երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:


Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը: