Ամերիկյան Boeing P-8A Poseidon-ը հետախուզական թռիչք է իրականացրել Կերչի նեղուցի մոտ

11:05 • 28.11.18

Ամերիկյան հակասուզանավային Boeing P-8A Poseidon ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Կերչի նեղուցի տարածքում և Ղրիմի մոտակայքում, այս մասին գրում է PlaneRadar մոնիթորինգային պորտալի Twitter-ի էջը:

168848 համարի ինքնաթիռն ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող 26-րդ պարեկային էսկադրիլիայի կազմից է: Նշվում է, որ այն մոտեցել է Ղրիմի թերակղզու ափամերձ գծին՝ պահպանելով 31 կմ հեռավորություն:

Հայտնի է, որ նույն օրն ավելի վաղ Դոնբասում սահմանազատման գծի մոնիթորինգ է իրականացրել ամերիկյան RQ-4A Global Hawk ռազմավարական անօդաչուն:

Ինչպես գրում է ռուսական «РИА Новости»-ն, վերջին շրջանում էապես մեծացել է արտասահմանյան ինքնաթիռների ու անօդաչուների հետախուզական ակտիվությունը ռուսաստանյան սահմանների մոտակայքում. այդպես դրանք նկատվել են Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և ՌԴ արևմտյան սահմանների մոտ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերաբար կոչ է արել Վաշինգտոնին հրաժարվել նմանօրինակ գործողություններից, մինչդեռ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը բացասական պատասխան է տվել ռուսական կողմին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: