Ռուսական C-400 «Տրիումֆ»-ի նոր դիվիզիոնը մինչև տարեվերջ հերթապահություն կիրականացնի Ղրիմի տարածքում
Ռուսական նորագույն C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի ևս մի դիվիզիոն մարտական հերթապահություն կիրականացնի Ղրիմի տարածքում մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պաշտոնյան նշել է, որ նոր տեխնիկան կփոխարինի առկա դիվիզիոնին, դա տեղի կունենա վերազինման շրջանակում:
Նոր «Տրիումֆ»-ն արդեն պատրաստում են կայարան հասցնելու համար, այնտեղից այն գնացքով կտեղափոխվի իր մշտական տեղակայման վայրը: Աղբյուրը, սակայն, չի նշում, թե Ղրիմի որ հատվածում կտեղակայվի C-400-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան հակասուզանավային Boeing P-8A Poseidon ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Կերչի նեղուցի տարածքում և Ղրիմի մոտակայքում: 168848 համարի ինքնաթիռն ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող 26-րդ պարեկային էսկադրիլիայի կազմից է: Նշվում է, որ այն մոտեցել է Ղրիմի թերակղզու ափամերձ գծին՝ պահպանելով 31 կմ հեռավորություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:










