4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած չեչեն տղան այսօր կկրկնի իր ռեկորդը
5-ամյա Ռահիմ Կուրիևը, որին օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ճերմակ «Մերսեդես» մեքենա է նվիրել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարելու համար, մտադիր է նոյեմբերի 28-ին կրկնել իր ռեկորդը Ռուսաստանի ռեկորդների գրքի ներկայացուցիչների ներկայությամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է փոքրիկի հայրը՝ Զելիմխան Կուրիևը:
«Չորեքշաբթի Գրոզնի կժամանեն Ռուսաստանի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, և հեղինակավոր հանձնաժողովի ներկայությամբ Ռահիմը կկրկնի իր ռեկորդը: Մենք պլանավորում ենք կատարել գետնից պոկում վարժությունը 4.2 հազար անգամ: Մնացածը կախված է երեխայի տրամադրությունից», - հայտնել է Կուրիև ավագը՝ ընդգծելով, որ փոքրիկը ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ է փորձությանը, և այս օրերին իրենք անընդհատ մարզվել են՝ պատրաստվելով կրկնել ռեկորդը:
Ավելի վաղ Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարը հայտնել է, որ 5-ամյա չեչեն տղան առանց ընդհատումների 2 ժամ 26 րոպեում կատարել է 4105 գետնից պոկում վարժություն, սակայն Ռուսաստանի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն աննշան հարցեր ունեն ռեկորդի հետ կապված, ինչի պատճառով այն դեռ պաշտոնապես չի գրանցվել: Իր հերթին, Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը համոզմունք է հայտնել, որ տղան վստահաբար կարող է կրկնել ռեկորդը, «միայն թե հանձնաժողովի անդամներն այն մինչև վերջ դիտելու համբերություն ունենան»:










