Թրամփը սպառնացել է դադարեցնել General Motors-ին տրամադրվող սուբսիդավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում սպառնացել է դադարեցնել General Motors մեքենաշինական ընկերությանը տրամադրվող սուբսիդավորումն այն բանից հետո, ինչ ընկերությունը հայտարարել է ֆինանսական խնդիրների պատճառով իրենց ամերիկյան արտադրամասերից հազարավոր մարդկանց աշխատանքից հեռացնելու որոշման մասին:
Նախագահն ընդգծել է այն փաստը, որ GM-ը մտադիր է դադարեցնել ամերիկյան Օհայո, Միչիգան և Մերիլենդ նահանգներում ունեցած իրենց արտադրամասերի աշխատանքը, մինչդեռ Մեքսիկայի և Չինաստանի արտադրամասերը շարունակելու են աշխատել: Այս կապակցությամբ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է ընկերության բոլոր սուբսիդիաները նվազեցնելու մտադրության մասին:
«ԱՄՆ-ը պահպանել է General Motors-ը, և սա է շնորհակալությունը, որը մենք ստանում ենք դրա դիմաց», - գրել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը «պետք է պաշտպանի ամերիկացի աշխատակիցներին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան General Motors մեքենաշինական ընկերությունը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում ունեցած արտադրամասերից հինգի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին՝ պատճառաբանելով սեդանների վաճառքի ցուցանիշների անկումն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ներկրման մաքսատուրքերը: Ընկերությունից մանրամասնել են, որ դրա հետևանքով աշխատազուրկ կդառնա 14.700 մարդ:










