Ուկրաինան ԱՄՆ-ի հետ քննարկում է ՌԴ-ից պաշտպանվելու համար ամերիկյան ռազմաբազայի տեղակայման հնարավորությունը. ուկրաինացի պատգամավոր

12:12 • 28.11.18

Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ-ի հետ քննարկում են երկրի արևելքում կամ Ղրիմի մոտ ամերիկյան ռազմաբազայի տեղակայման հեռանկարը, նման հայտարարություն է արել Ուկրաինայի իշխող «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության պատգամավոր Իվան Վիննիկը ռուսական «Известия» պարբերականի հետ զրույցում:

«Բազան, իհարկե, միանշանակ անհրաժեշտ է: Որովհետև այլ կերպ մենք չենք կարող լիարժեք կերպով ապահովել մեր երկարաժամկետ անվտանգությունը՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքականության հետ», - ասել է Վիննիկը՝ նշելով, որ քաղաքական մակարդակում այդ մասին արդեն երկխոսություն է գնում ամերիկյան կողմի հետ:

Ըստ նրա՝ իրավական մակարդակում նման ծրագրի շրջանակում խոսք պետք է գնա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացի մասին:

Վիննիկը նշել է, որ ռազմաբազայի տեղակայման վայրը պետք է որոշվի՝ հաշվի առնելով առկա սպառնալիքները: Նրա կարծիքով՝ դա կարող է լինել երկրի արևելյան սահմանը, կամ էլ Ղրիմին հարակից ուկրաինական շրջանները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:

Միջադեպից մեկ օր անց Ուկրաինայում 30 օրով սահմանվել է ռազմական դրություն: