«Խնդրում եմ, պարոն Պուտին, դուրս եկեք Ուկրաինայից». Պորոշենկոյի ուղերձը ՌԴ նախագահին (տեսանյութ)

18:03 • 28.11.18

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուղերձ ունի, որը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ փոխանցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արգենտինայում կայանալիք «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Խնդրում եմ, պարոն Պուտին, դուրս եկեք Ուկրաինայից»,- ասել է Պորոշենկոն հարցազրույցում, որում անդրադարձել է Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակին:


Ուկրաինայի նախագահն ուկրաինական լրատվամիջոցներին էլ հայտնել է, որ իրենք մեծ աջակցություն են ստանում Արևմուտքի իրենց գործընկերներից, որոնք միաբերան այս հարցում աջակցում են Ուկրաինային:

«Մենք ոչ միայն բանակցել ենք, այլև ստացել հզոր ազդանշաններ ամբողջ աշխարհից հաջակցություն Ուկրաինայի», - ասել է Պորոշենկոն՝ տեղեկացնելով, որ միջադեպից հետո հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:


Միջադեպից մեկ օր անց Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է սահմանվել: