Բողոքի ակցիա Երևանի «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի դիմաց. 200-ից ավելի աշխատակիցներ պահանջում են իրենց աշխատավարձը. shamshyan.com

11:37 • 29.11.18

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Տիչինայի փողոցի վրա գործող «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի մոտ և պահանջում են իրենց աշխատավարձը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ամիսներով աշխատավարձ չեն տալիս, շաբաթը 7 օր ունի, 6 օրն աշխատում ենք, ո՛չ ժամ կա, ո՛չ պատարագ։ Մարդիկ կան՝ 3-4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Ամեն անգամ «ռսի զավտռա են անում, պոսլեզավտռա», սակայն դրանով սայլը տեղից չի շարժվում։ Բանկերը մեզ խեղդում են, գրեթե բոլորս բանկերին վճարումներ ունենք կատարելու, էլ չենք ասում՝ կոմունալ ծախսերը։ Մնում ա՝ մենք էլ Շանթի Մանվելի նման էլեկտրիկին ու գազի տեսուչին ասենք՝ «պոսլեզավտռա»։

Ստեղի ղեկավարությունն իրենց ուղեղներում միայն «պոսլեզավտռա» բառն են դաջել. հենց գումարն ուզում ենք, իսկ գումարը մեր արդար քրտինքով վաստակածն ա, ասում են՝ «պատոմ»։ Հիմա արդեն գործադուլ ենք հայտարարել՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ սայլը տեղից կշարժվի»։

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ քիչ առաջ գործարան է ժամանել նաև ՍՊԸ-ի սեփականատերը, ով աշխատակիցներին տեղեկացրել է, որ գումարի ուշացումը բանկի մեղքով է՝ պատճառաբանելով, որ իբրև բանկը գումարը չի տալիս։

Այս պահին աշխատակիցներն ու տնօրեն Մանվել Ղարիբյանը բանակցում են միմյանց հետ, սակայն աշխատակիցներն արդարացիորեն պահանջում են իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձը։ Աշխատակիցներ էլ կան, ովքեր ասում էին. «Հիվանդանոցային հարցեր ունենք լուծելու, երեխաների ուսման վարձեր ունենք մուծելու, չգիտենք էլ՝ երբ կստանանք գումարը, թե՞ հերթական անգամ փափուկ բարձ են դնելու գլխներիս տակ։ Մենք երկար տարիներ աշխատել ենք ու միշտ նույն խնդրի առաջ ենք կանգնել։ Ավել բան չենք ուզում՝ մեր քրտինքով մեր վաստակած գումարները»։