Ինչպես է Բուենոս-Այրեսը պատրաստվում դիմավորել G20 գագաթնաժողովը

05:46 • 29.11.18

Արգենտինայում մեկնարկել են անվտանգության միջոցառումները, որոնք իրականացվում են G20 գագաթնաժողովի անցկացման նպատակով: Բուենոս-Այրեսի իշխանությունները ցանկապատներ են տեղադրել գլխավոր փողոցներում՝ արգելափակելով մայրաքաղաքի երթևեկությունը: Արտասահմանյան դեսպանատների առջև հերթապահում են ոստիկանության աշխատակիցները:

G20-ի մասնակիցներից առաջինն Արգենտինա է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Թագավորական ավտոշարասյունը դեսպանատուն ուղեկցելու համար տևական ժամանակ փակ են եղել մի քանի մայրուղիներ, որոնք մեծ խցանումներ են առաջացրել առանց այդ էլ ավտոմեքենաներով բեռնված քաղաքում:

Գագաթնաժողովը, որը կմեկնարկի նոյեմբերի 30-ին, կանցկացվի Costa Salguero ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է Բուենոս Այրեսի կենտրոնից հեռու՝ Լա Պլատայի ծոցի ափին: Համալիրում ուժեղացված է անվտանգությունը, տարածք թույլ չեն տալիս մտնել նույնիսկ գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներին:

Գագաթնաժողովի օրերին չեն աշխատելու Բուենոս-Այրեսի մետրոն, երկաթուղային և ավտո կայարանները: Չվերթներ կիրականացնի մայրաքաղաքի երեք օդանավակայաններից միայն մեկը:

Մարդկանց տեղաշարժը չխոչընդոտելու և անհարմարություններ չստեղծելու համար Արգենտինայի իշխանությունները նոյեմբերի 30-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր: