«Ես հպարտ եմ իմ արածով». աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաների «ստեղծողը» պատասխանել է համընդհանուր քննադատությանը

19:07 • 29.11.18

Չինացի գիտնական Հի Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունը, համաձայն որի Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները, մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: Չինացի գիտնականների մեծ մասը միասնական դիրքորոշում ունի Ժյանկույի հայտարարության վերաբերյալ: Ավելի քան 120 գիտնականի համատեղ հայտարարությունում նշվում է, որ կատարվածն ուղղակի «խենթություն» է: Նրանք դատապարտել են գիտափորձն ու իշխանություններին կոչ արել ուսումնասիրել հարցը: Մասնագետների կարծիքով՝ դա «ակադեմիական էթիկայի և նորմերի կոպիտ խախտում է»:

Ինչպես նշում է The Guardian-ը, Ժանկույը պատասխանել է քննադատություններին՝ հայտարարելով, որ «հպարտ է իր արածով»:

Նա նաև հավելել է, որ ևս մի կին համաձայնել է մասնակցել իր գիտափորձին ու արդեն հղի է գենետիկորեն փոփոխված պտղով:

Չինաստանի առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ: Այժմ համապատասխան մասնագետներն աշխատում են պարզելու համար՝ արդյոք գիտնականի պնդումները համապատասխանում են իրականությանը:

Հիշեցնենք, որ Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունում նշվում էր, որ Լուլուն և Նանան ծնվել են մի քանի շաբաթ առաջ ու գենետիկ փոփոխությունների շնորհիվ այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Երեխաները ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այդ նպատակով օգտագործվել է նախապես գենետիկորեն փոփոխված ձվաբջիջ, որն ավելի ուշ փոխպատվաստվել է արգանդի մեջ: Հայտնի է, որ աղջիկների հայրը ՄԻԱՎ վարակակիր է:

Մասնագետը մանրամասնել էր, որ քույրերի ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ «գործիքի»՝ CRISPR-cas9-ի միջոցով: CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատելու ԴՆԹ-ի վրա, ակտիվացնելու անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնելու հիվանդության պատճառ հանդիսացող գենը:

Այս տեխնոլոգիան վերջերս է փորձարկվել մարդկանց վրա՝ մահացու հիվանդությունները բուժելու նպատակով: Դա նշանակում է, որ հիվանդություն ունեցող մարդը գենային փոփոխությունից հետո իր ապագա երեխաներին վտանգավոր գեները չի փոխանցի:

«Ես հպարտ եմ իմ արածով». աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաների «ստեղծողը» պատասխանել է համընդհանուր քննադատությանը