«Չկա հստակ տեղեկություն այն մասին, որ սաուդյան արքայազնն է տվել Խաշոգջիի սպանության հրամանը». Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, խոսելով ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին, նշել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդն անմիջական կապ չունի դաժան սպանության հետ, փոխանցում է Al Jazeera-ն:
«Չկա հստակ տեղեկություն այն մասին, որ արքայազնն է տվել սպանության հրամանը», - ասել է Պոմպեոն լրագրողների հետ զրույցում:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ եթե լրագրողի սպանության հետ կապված առավել մանրակրկիտ տեղեկություններ բացահայտվեն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի խիստ պատժիչ քայլեր կձեռնարկի պատասխանատու անձանց դեմ:
Նախօրեին The Washington Post պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի Ջամալ Խաշոգջիին հայրենիք վերադարձնելու հրամանը տրվել է դեռևս այս տարվա հուլիսին:
Ըստ աղբյուրի՝ 2017 թվականի գարնանը Սաուդյան Արաբիայի հետախուզության պաշտոնյաները լծվել են թագավորական ընտանիքի՝ աշխարհի տարբեր երկրներ փախած ընդդիմախոսներին հայրենիք վերադարձնելու գործին: Այդպես գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդը ստեղծել է սաուդյան «Վագրերի թիմ» խմբավորումը, որն էլ զբաղվել է ընդդիմադիրների վերադարձով, երբեմն էլ՝ սպանություններով:
Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Նրան վերջին անգամ տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս:
Ավելի ուշ սաուդյան թագավորության իշխանությունները հաստատել էին, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության աշխատակցի հետ վիճաբանության ժամանակ, սակայն նրանք հերքել են թագավորական ընտանիքի առնչությունը սպանությանը:










