Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Սաակաշվիլիի օրոք կառուցված նախագահական պալատում
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլիի օրոք կառուցված նախագահական պալատում, գրում է Interfax.ru-ն:
Զուրաբիշվիլիի հայտարարության համաձայն՝ նա ցանկանում է աշխատել Թբիլիսիի մեկ այլ թաղամասում, մասնավորապես՝ վրաց իշխան Օրբելիանիի նախկին պալատում, որը, նրա կարծիքով, ավելի համեստ և եվրոպական տեսք ունի:
«Եթե ուզում ենք եվրոպացի լինել, ապա այս պալատը փոքր-ինչ ավելի եվրոպական է, քան նախագահական մեծ շենքը, որն ինձ այլ բանի մասին է հիշեցնում», - նշել է նորընտիր նախագահը:
Վրաստանի նախագահական պալատը կառուցվել է նախկին նախագահ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ՝ 2004-2009 թվականներին: Պալատը գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի միջև վեճի պատճառ էր դարձել. վերջինս բազմիցս մեղադրել է Մարգվելաշվիլիին այն բանի համար, որ նա չի ուզում լքել նախագահական նստավայրը, որն իր մեծության պատճառով պետբյուջեի վրա թանկ է նստում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախահագական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին:










