Արցախը սադրիչ հայտարարություններին չպատասխանեց, որովհետև Փաշինյանը նպատակաուղղված է ստեղծել հրապարակային հակադրություն. Դ. Շահնազարյան (տեսանյութ)

15:20 • 30.11.18

Ես չեմ ուզում ածականներ օգտագործել, բայց կարծում եմ, որ դա իմպուլսիվ հայտարարություն չէր, դա բավական լավ մշակված էքսպրոմտի տեսքով ներկայացված հայտարարություն էր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ուղղված Արցախի իշխանություններին: Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նույն շղթայից է, ինչ Սասուն Միքայելյանի կողմից արված հայտարարությունը:

Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ մինչև հիմա որևէ մեկը ոչ միայն Արցախի իշխանությունների, այլև քաղաքացու հետ նման տոնով չէր խոսել: «Արցախի իշխանություններն այդ թեթևամիտ և սադրիչ հայտարարություններին որևէ պատասխան չտվեցին, որովհետև Փաշինյանի այն փորձը, որ նա արդեն կատարում է իր թիմի հետ, նպատակաուղղված է ստեղծել հրապարակային հակադրություն Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։

Արցախի իշխանություններն, իհարկե, նման սադրանքի չեն տրվի, որովհետև ի տարբերություն Հայաստանում իշխող ներկայիս վարչախմբի՝ նրանք ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»,-մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկել իրենց աշխատանքով զբաղվելու:

Նիկոլ Փաշինյանն օրերս, ի պատասխան Դավիթ Շահնազարյանի այն հայտարարության, թե իրականացվում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» ծրագիրը, ասել էր, որ նման հայտարարություն անում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տասը տարի վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ է:

Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և իմ այսօրվա գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին: Այս հայտարարությունը մեկ անգամ ևս վկայեց, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց: Եթե հիշում եք, նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ես եմ բանակցել, այնպես որ, անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեմ։ Եթե ցանկանում են, ես նրանց հրավիրում եմ բանավեճի հենց Արցախի հարցով. Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարարին կամ որևէ մեկին, որը կհայտարարի, որ այդ հարցում ներկայացնում է ներկայիս կառավարությունը»,-նկատեց նա: